ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

ՀԱՅ ՄՆԱԼՈՒ ԵՎ ՀԱՐԱՏևԵԼՈՒ ԿՅԱՆՔԻ ՈՒ ԳՈՐԾԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ

ՀԱՅ ՄՆԱԼՈՒ ԵՎ ՀԱՐԱՏևԵԼՈՒ ԿՅԱՆՔԻ ՈՒ ԳՈՐԾԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ
19.01.2010 | 00:00

Հայ ծնվելը հեշտ է, հայ մնալն է հերոսություն։
Ավետիք Իսահակյան

Քսան տարի առաջ` 1990-ի հունվարի 19-ին Երասխավանի ինքնապաշտպանական
մարտերում զոհվեց Հայաստանի ազգային հերոս ՄՈՎՍԵՍ ԳՈՐԳԻՍՅԱՆԸ։


Յուրաքանչյուր հայորդու մինչծննդյան սկիզբն ու նախաձևավորումը, նրա ով լինելը գալիս է հայոց հազարամյակների խորքից։ Ներառում է Հայկ Նահապետից մինչև իր անմիջական պապի ժամանակն ու ժառանգությունը, ոգին և ինքնությունը։ Մովսես Գորգիսյանի պապը` Սամվել Գորգիսյանը, Արևմտյան Հայաստանի Բիթլիսի գավառի Սղերդ քաղաքից էր, 1915-ին Սղերդի ինքնապաշտպանության կազմակերպիչներից։ Այնուհետև Սարդարապատի ճակատամարտում հայոց պատիվն ու արժանապատվությունը, ազգային գոյությունն ու հարատևումը պաշտպանող զինվորներից։ Մովսեսի հայրը` Գևորգը, և մայրը` Ալիսը, 1947-ին Կահիրեից ու Հալեպից հայրենադարձվեցին։ 1949-ից մինչև 50-ականների վերջը քայլեցին Ալթայի աքսորով ու նոր միայն հաստատվեցին հայրենիքում։ Նրանց կրտսեր որդին` Մովսեսը, ծնվեց Երևանում` 1961-ի դեկտեմբերի 3-ին։
Իր ծնունդով Մովսեսը չտարբերվեց, ոչնչով չառանձնացավ հազարավոր տարիներ ծնվող հայորդիներից։ Ազգային պատկանելությունը ժառանգվում է ի ծնե և մինչև հասունացում գործում է անմիջականորեն։ Այնուհետև, արդեն հայ մնալը որոշվում է անձնական ընտրությամբ, ազգի ու հայրենիքի նկատմամբ ունեցած անտարբերությամբ կամ պատասխանատվության բարձր, վերանձնական ու անօտարելի զգացումով։ Ըստ այդմ, նաև նույնիսկ մենակ գործելու վճռականությամբ։ Անձնական պատասխանատվության չափով, ձևով ու բովանդակությամբ էլ իրարից տարբերվում են հայ ազգային գործիչն ու պարզ հայը, մշակն ու ստեղծողը, հայ զինվորն ու ազգի պաշտպանը։ Մովսես Գորգիսյանն առանց երկմտելու և անքննելի համոզվածությամբ ընտրեց ազգի, հայրենիքի ու ամեն մի հայ մարդու նկատմամբ անձնական ամենաբարձր պատասխանատվության դժվարին ուղին։ Դրան էլ ծառայեց իր ուսումնառության, աշխարհաճանաչողության ու ինքնաճանաչման, ինքնաձևավորման և ինքնակերտման ամբողջ շրջանում։
Ազգը 10-20 տարի առաջ է կանխազգում սպառնալիքը, իսկ ազգի նվիրյալներն էլ 10-20 տարի առաջ են պատրաստվում մեծ ու վճռական հակագրոհին։ 1963-ից Խորհրդային Հայաստանում գործում էին ազգային-ազատագրական կազմակերպություններն ու նվիրյալները, դրանց թվում` 1965-ից` «Ազգային միացյալ կուսակցությունը»։ Աշակերտական ուսումնառությանը հաջորդեց ընդհատակի դպրոցը, և 1979-ի փետրվարի 18-ից Մովսես Գորգիսյանը ԱՄԿ-ի երդվյալ անդամ էր։ Ընդհատակն արկածախնդրություն չէր։ Լուրջ կազմակերպված, ծանր ու հզոր ուժի դեմ էր պայքարը, ուր ամեն մի սայթաքումի համար հատուցում էին ապագա չունենալով և նույնիսկ կյանքով։ 1979-88-ին ընդհատակում պատրաստվում էր, սերնդակիցների հետ սովորում քայլել կյանքի ու պայքարի քառուղիներում։ Նպատակասլացություն, համառություն ու վճռականություն սովորեց հայ ազգային-ազատագրական պայքարի անցյալի մեծերից, ավագ սերնդի զինակից ընկերներից։ Անկախության ջահակիր զինվորի` Մովսես Գորգիսյանի համար 1988-ը հանկարծահաս ու անսպասելի չէր։ Նա պատրաստ էր կամքով, ոգով, խոսքով ու բազկով։
Շատերն էին կարծում, թե 1988-ի պոռթկումը ամիսների հարց է լինելու, Կենտրոնը մեր խնդրին արդարացի լուծում է տալու ու ամեն ինչ հանդարտվելու է։ Մովսես Գորգիսյանն առաջիններից էր, որ սթափության կոչով գործնական հողի վրա կանգնեց ու ճանապարհ հարթեց։ Պետք էր ոչ միայն պաշտպանվել, այլև անցնել հակագրոհի ու վերականգնել հայկական պետականության անկախությունը, որովհետև դա էր պաշտպանված լինելու միակ երաշխիքը։ Ազգի զինվոր տեսակը հոգնել էր, իր տեղը չէր գտնում Ազատության հրապարակի ամենօրյա հանրահավաքներում։ Վտանգի զգացողությունը, անպատրաստ լինելու իրողությունը հանգիստ չէին տալիս։ Խաղաղվեց, երբ ինքնակազմակերպվեց պաշտպանության։ Տարիներ առաջ, իբրև զինվոր և ազգային գործիչ, Մովսեսը տեսավ վաղվա պատերազմն ու 1989-ի աշնանն արդեն, Անկախության բանակի ձևավորումով, առանց կոչերի ու աղմուկի կամավորական զինյալ պաշտպանության հիմնադիրներից մեկը եղավ։
Երասխավանի կռիվն Անկախության բանակի առաջին խոշոր մարտն էր, այն էլ` խորհրդային բանակի դեմ։ Դավադրությունը սարքվեց։ Առաջնորդին դավադիր սպանելու միջոցով հայոց ինքնապաշտպանական ոգին ու ձգտումը կոտրելու, մեզ անպաշտպան դարձնելու համար։ Հունվարի 19-ը հանպատրաստից էր, չհասցրինք, չմտածեցինք, չկարողացանք պահպանել նրան դավադիր գնդակից։ Բայց չպարտվեցինք։ Երասխավանն ու հերոսացած Մովսես Գորգիսյանը ոտքի հանեցին տասնյակ հազարավոր հայորդիների։ Կամավորական ջոկատներով սկսված պատերազմն ավարտեցինք կանոնավոր բանակի ու աշխարհազորային հզոր զինուժի հաղթանակով` անսպասելի բոլորի, Արևելքի ու Արևմուտքի ռազմավարների համար։
Մովսես Գորգիսյանը 1988-ի մայիսի 28-ից արդեն ազգային հերոս էր։ Պատերազմի հաղթական ավարտից երկու տարի անց պետությունն ամրագրեց ազգի վաղուց կայացրած ներքին որոշումը` շնորհելով նրան Հայաստանի ազգային հերոսի կոչում։ Դա էլ ունի իր նշանակությունը ոչ թե Մովսես Գորգիսյանի, այլ պետության համար, որպես պետական գործունեության ու ազգային բարոյականության կարևոր խնդիր։ Ռազմի դաշտում ազգի և հայրենիքի պաշտպանության համար զոհված ամեն մի զինվոր արդեն իսկ հերոս է։ Ազգային հերոսը տարբերվում է նրանով, որ իր գործողություններով պայքարի ասպարեզում առաջնորդում է, մարտի դաշտում հնարավորություններ ստեղծում, ճանապարհ հարթում ազգի նվիրյալներին հերոսանալու։ Պայքարը, մարտը, պատերազմը հաղթանակով ավարտելու։
Մովսես Գորգիսյանը քաղաքական գործիչ չէր։ Քաղաքական գործիչը պայքարում է իշխանության համար։ Մովսես Գորգիսյանն ազգային գործիչ է։ Անմնացորդ նվիրումը, անհաղթահարելի կամքն ու վճռականությունն է հայ մարդուց ձևավորում ազգային գործիչ, իսկ ազգային ազատագրական պայքարի ակտիվ գործունեության փուլում տանում նրան հերոսացման։ Մովսես Գորգիսյանը մեր օրերում, իր ապրած ու չապրած կյանքով և իր գործով վերստին ապացուցեց, որ ազգային գործիչ լինելը ո՛չ տիտղոս է, ո՛չ էլ կոչում։ Այն հայ ազգի կողմից հայորդուն տրված նրա ինքնության, ապրած կյանքի ու ազգային գործունեության անձեռակերտ ու ոչ մտացածին, ամբողջական ու անբեկանելի գնահատականն է։
Սիմոն ՇԱՀԱԶԻԶՅԱՆ
Զինակից ընկեր

Դիտվել է՝ 1669

Մեկնաբանություններ